Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

2 Chronicles 36

:
Armenian - NEA
1 Երկրի ժողովուրդը վերցրեց Հովսիայի որդի Հովաքազին, օծեց նրան ու իր հոր փոխարեն թագավոր դարձրեց Երուսաղեմում։
2 Հովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ամիտալ էր, լոբնացի Երեմիայի դուստրը։ Հովաքազը չարիք գործեց Տիրոջ առջև, այն բոլոր չարիքները, որ գործել էին նրա նախնիները։
3 Նեքավով փարավոնը նրան ձերբակալեց Դեբլաթայում՝ Եմաթի երկրում, և նա այլևս չկարողացավ թագավորել Երուսաղեմում։ Փարավոնը նրան տարավ Եգիպտոս և երկրի վրա հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի հարկ դրեց։
4 Նեքավով փարավոնը Հուդայի արքա Հովսիայի որդի Եղիակիմին նշանակեց նրա հոր՝ Հովսիայի փոխարեն և նրա անունը փոխեց ու դրեց Հովակիմ, իսկ նրա եղբայր Հովաքազին Նեքավով փարավոնը վերցրեց և տարավ Եգիպտոս, որտեղ նա մեռավ։ Արծաթն ու ոսկին հարկ էին տալիս փարավոնին։ Դրանից հետո երկիրն սկսեց հարկեր վճարել, և արծաթը տալիս էին ըստ փարավոնի ասածի։ Երկրի ժողովրդից արծաթ ու ոսկի էին պահանջում ըստ յուրաքանչյուրի կարողության, որպեսզի դրանք հանձնեն Նեքավով փարավոնին։
5 Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Զեկքովրա էր, որը ռամացի Ներիայի դուստրն էր։ Նա Տիրոջ առջև գործեց այն բոլոր չարիքները, որ արել էին նրա նախնիները։ Նրա օրոք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան մտավ Հուդայի երկիրը։ Հովակիմը երեք տարի ծառայեց նրան, բայց հետո ապստամբեց նրա դեմ։ Տերը նրանց դեմ ուղարկեց քաղդեացիներին, Ասորիքի, մովաբացիների, ամովնացիների ու սամարացիների ավազակներին։ Այս բաներից հետո նրանք զղջացին՝ անսալով Տիրոջ խոսքին, որ ասել էր իր ծառա մարգարեների միջոցով։ Սակայն Տիրոջ զայրույթը դեռ Հուդայի վրա էր, որպեսզի մերժի նրան իր ներկայությունից Մանասեի գործած բոլոր մեղքերի և այն անմեղ արյան պատճառով, որ թափեց Մանասեն և Երուսաղեմը լցրեց անմեղ արյամբ։ Տերը չկամեցավ ոչնչացնել նրանց։
6 Հովակիմի վրա հարձակվեց Բաբելոնի արքա Նաբուքոդոնոսորը և նրան կապեց պղնձե շղթաներով ու տարավ Բաբելոն։
7 Նա Տիրոջ տան սպասքի մի մասը տարավ Բաբելոն ու դրեց Բաբելոնում գտնվող իր տաճարում։
8 Հովակիմի մնացած գործերը և ամեն ինչ, որ նա արել էր, գրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։ Հովակիմը գնաց իր նախնիների գիրկն ու թաղվեց Գանոզայում՝ իր նախնիների մոտ։ Հովակիմի փոխարեն թագավորեց իր որդի Հեքոնիան։
9 Հեքոնիան տասնութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս ու տասն օր թագավորեց Երուսաղեմում։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև։
10 Երբ տարին բոլորեց, Նաբուքոդոնոսոր արքան զորք ուղարկեց ու Տիրոջ տան թանկարժեք սպասքով հանդերձ նրան տարավ Բաբելոն։ Նա Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր դրեց նրա հորեղբորը՝ Սեդեկիային։
11 Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։
12 Նա չարիք գործեց Տիրոջ՝ իր Աստծու առաջ, չպատկառեց ո՛չ Երեմիա մարգարեից, ո՛չ էլ Տիրոջ խոսքերից։
13 Սեդեկիան ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դեմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդվել էր տվել Աստծու անունով, դարձավ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որպեսզի չվերադառնա դեպի Տերը՝ Իսրայելի Աստվածը։
14 Հուդայի բոլոր մեծամեծները, քահանաներն ու երկրի ժողովուրդը բազմապատկեցին հեթանոս ազգերի գարշելի անօրենությունները և պղծեցին Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը։
15 Տերը՝ նրանց հայրերի Աստվածը, մարգարեների միջոցով զգուշացրեց նրանց, կանխավ առաքեց իր պատգամախոսներին, որովհետև խնայում էր իր ժողովրդին և իր սրբավայրը։
16 Բայց մարդիկ արհամարհեցին նրա պատգամախոսներին, անտեսեցին նրա խոսքերն ու ծաղրեցին նրա մարգարեներին, մինչև որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, որից հետո նրանք փրկություն չունեցան։
17 Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին և սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իր սրբության տան մեջ, չխնայեց նաև Սեդեկիային, չողորմեց նրանց կույս աղջիկներին և նրանց ծերերին. բոլորին մատնեց թշնամիների ձեռքը։
18 Նաբուքոդոնոսորն Աստծու տան ամբողջ մեծ ու փոքր սպասքը և արքայի ու մեծամեծների բոլոր գանձերը՝ ամեն ինչ տարավ Բաբելոն,
19 այրեց Տիրոջ տունը, կործանեց Երուսաղեմի պարիսպը և նրա մեջ եղած ապարանքները հրո ճարակ դարձրեց, ոչնչացրեց ամեն մի գեղեցիկ անոթ։
20 Մնացածներին գերեվարեց Բաբելոն։ Այնտեղ նրանք դարձան նրա ու նրա սերնդի ծառաները մինչև մարերի թագավորության հաստատումը,
21 մինչև որ երկիրը կվայելեր իր շաբաթները, որպեսզի կատարվի Տիրոջ խոսքը՝ ասված Երեմիայի բերանով։ Երկիրն իր ամայության ողջ ընթացքում հանգստացավ, մինչև որ յոթանասուն տարին լրացավ։
22 Պարսից արքա Կյուրոսի թագավորության առաջին տարում՝ Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքի կատարվելուց հետո, Տերը զարթնեցրեց Պարսից Կյուրոս արքայի հոգին, և նա պատվիրեց իր ամբողջ թագավորության մեջ գրավոր հրովարտակ ծանուցել՝ ասելով.
23 «Այսպես է ասում Պարսից Կյուրոս արքան. “Տերը՝ երկնքի Աստվածը, ինձ է տվել աշխարհի բոլոր թագավորությունները։ Նա ինձ պատվիրել է Հուդայի երկրում՝ Երուսաղեմում, իր համար տուն կառուցել։ Ձեզնից ով նրա ժողովրդին է պատկանում, թող ելնի գնա, և թող Տերը՝ իր Աստվածը, նրա հետ լինի”»։